Իսպանական ակումբը հետաքրքրված է Քոնոր Գալագերի տրանսֆերով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոնոր Գալագերի տրանսֆերով, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն YouTube-ի անձնական եթերում։

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» շատէ ցանկանում ձեռք բերել 24-ամյա խաղացողին, սակայն կարծում են, որ նրա տրանսֆերային արժեքը չափազանց մեծ է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Չելսիից» ակումբի նոր մարզիչ Էնցո Մարեսկիի գալու պատճառով։ Անգլիացին կարծում է, որ մասնագետի խաղն իրեն չի համապատասխանում։

Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանում 24-ամյա Քոնոր Գալագերը անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: