Կևին դե Բրույնե․ «Ես բավականաչափ գումար ունեմ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատասխանել է Սաուդյան Արաբիայից ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Կմնա՞մ «Սիթիում»։ Այո, այո։ Սաուդյան Արաբիա տեղափոխության մասին շատ վերնագրեր եմ կարդացել, բայց ոչ մեկի հետ չեմ խոսել։ Եթե ​​լավ առաջարկ լինի, և դուք Պեպին ասեք, որ ցանկանում եք հեռանալ, ապա դա հնարավոր է: Այլ ակումբներում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Բայց ես երբեք չեմ ասել, որ ուզում եմ հեռանալ։

Ես բավականաչափ գումար ունեմ։ Բայց եթե խելահեղ գումարի առաջարկ լինի, այն նախատեսված կլինի իմ ընտանիքի, հարազատներիս, թոռներիս, ծոռներիս ու ընկերներիս համար»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Դե Բրույնեն հունիսի վերջին կդառնա 33 տարեկան։ Անցած ակումբային մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։