Մատիս դե Լիգտը պատրաստ է տեղափոխվել Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է, որ կկարողանա ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտին: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել հոլանդացի պաշտպանի գործակալի հետ՝ համաձայնեցնելու գործարքի մանրամասները։ Նշվում է նաև, որ դե Լիգտը դեմ չէ կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերային գումարը կարող է կազմել մոտ 50 մլն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում դե Լիգտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։