«Լեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի լոնդոնյան ակումբում

«Լեսթեր Սիթիի» կենտրոնական կիսապաշտպան Կիրման Դյուսբերի-Հոլը կարիերան կշարունակի «Չելսիում»: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը պետք է գա բուժզննման՝ նախքան պայմանագիր ստորագրելը, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառ։ Այս տեղափոխությունը «ազնվականների» համար կարժենա մոտ 30 միլիոն ֆունտ:

25-ամյա Դյուսբերի-Հոլը «Լեսթերում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 30 միլիոն եվրո։