Հանցագործները ներխուժել են Ռոբերտո Բաջիոյի տուն, ատրճանակով հարվածել նրա գլխին, իսկ ընտանիքի անդամներին փակել սենյակում

Օրեր առաջ սարսափելի պատմության մեջ է հայտնվել իտալացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջիոն: Հինգ հոգուց բաղկացած ավազակախումբ է ներխուժել նրա տուն, հայտնում է Corriere del Veneto-ն։

Այդ ընթացքում ֆուտբոլիստն իր ընտանիքի հետ դիտելիս է եղել Եվրոպայի 2024 թվականի առաջնության Իսպանիա – Իտալիա հանդիպումը։

Ռոբերտո Բաջիոն փորձել է դիմադրություն ցույց տալ, սակայն ավազակախմբի անդամներից մեկը ատրճանակով հարվածել է Բաջիոյի գլխին՝ պատճառելով խորը վերք, իսկ հետո հանցագործները Բաջիոյին և նրա հարազատներին փակել են սենյակում։ Ռոբերտոն կարողացել է սենյակից դուրս գալ միայն նրանց հեռանալուց 45 րոպե անց՝ ջարդելով դուռը։

Նշվում է, որ հանցագործները գողացել են թանկարժեք իրեր, ժամացույցներ, զարդեր և մեծ քանակի գումար։

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը մտերիմ հարաբերություններ ունի թե՛ Ռոբերտո Բաջիոյի, և թե՛ նրա եղբայրներից մեկի հետ: Վերջինս զրույցում նշել է, որ Ռոբերտոն մի քանի օր գտնվել է հիվանդանոցում, որտեղ նրա ճակատին բազմաթիվ կարեր են դրել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Բաջիոն շարունակում է իրեն վատ զգալ, մինչ օրս ունի վախի զգացում, իսկ ոստիկանները հերթապահություն են իրականացնում լեգենդար իտալացու տան մոտ։