EURO-2024. E խմբում բոլոր ընտրանիները 4 միավոր վաստակեցին․ հայտնի է՝ ովքեր փլեյ-օֆֆում կխաղան

EURO-2024-ի խմբային փուլի վերջին տուրում տեղի ունեցան E խմբի հանդիպումները։

Ֆրանկֆուրտում ուժերը չափեցին Սլովակիան ու Ռումինիան, իսկ մյուս խաղում Ուկրաինան մրցեց Բելգիայի դեմ։ Բոլոր թիմերը մինչ այս վաստակել էին 3-ական միավոր։

Ֆրանկֆուրտում 24-րդ րոպեին սլովակների ֆուտբոլիստ Օնդրեյ Դուդան բացեց հաշիվը, բայց 13 րոպե անց Ռազվան Մարինը 11-մետրանոցից հավասարեցրեց։ Խաղի մնացած մասում գոլեր չեղան։

Շտուտգարտում կայացած խաղում Բելգիան ու Ուկրաինան համառ պայքար մղեցին։ Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։

Այսպիսով, E խմբում բոլոր թիմերը վաստակեցին 4-ական միավոր։ Առաջինը Ռումինիան էր, ով ավելի շատ գոլ էր խփել մնացածից, երկրորդը Բելգիան էր, որը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ արդյունք ուներ։ Երրորդը Սլովակիան էր, քանի որ 3 գոլ խփել և նույնքան էլ բաց էր թողել։ Ուկրաինան խմբում վերջինն էր, քանի որ խփած և բաց թողած գոլերի -2 արդյունք գրանցեց։