Զլատկո Դալիչ. «Այդ խաղում անհնար էր ութ րոպե ավելացնել»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը քննադատել է EURO-2024-ի Իտալիայի հետ հանդիպման մրցավարին՝ երկրորդ խաղակեսին ութ րոպե լրացուցիչ ժամանակ ավելացնելու որոշման համար։

Հիշեցնենք, որ Իտալիան ու Խորվաթիան ոչ-ոքի խաղացին 1:1 հաշվով: Երկրորդ տեղից փլեյ-օֆֆ դուրս գալու համար իտալացիներին անհրաժեշտ էր չպարտվել Խորվաթիայի հավաքականին։

«Մենք փոքր երկիր ենք։ Իրականում ոչ ոք մեզ չափազանց մեծ ուշադրություն չի դարձնում, ուստի մենք պետք է հոգ տանենք մեր մասին։

Այդ խաղում անհնար էր ութ րոպե ավելացնել։ Ութ րոպեն անհեթեթություն է։ Չկային չափազանց շատ դադարներ կամ շատ խախտումներ, որպեսզի արդարացնեին այդքան լրացուցիչ ժամանակը: Չեմ ուզում շատ մանրամասնել ու չեմ ուզում աղմուկ բարձրացնել կատարվածի շուրջ։ Կարծում եմ՝ Խորվաթիային պետք է հարգել և ճանաչել»,- ասել է Դալիչը մամուլի ասուլիսում։