Զլատկո Դալիչ․ «Ես չեմ ուզում այդքան շուտ տուն գնալ»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսվել է EURO-2024-ի խմբային փուլի վերջին տուրի Իտալիայի դեմ խաղից իր սպասելիքներով։

«Պատմական հանդիպում է մեզ սպասվում։ Մենք պատրաստ ենք, և վստահ եմ, որ ամեն ինչ լավ կանցնի։ Բոլորը, բացի Վիդայից, առողջ են՝ նա մեկնարկային կազմում չի լինի։ Մնացածը լավ է: Մենք տեղյակ ենք այն իրավիճակին, որ մեզ համար նոկաուտ փուլն արդեն սկսվել է։ Մեզ միայն հաղթանակ է պետք, երեք միավորը մեզ ավելի առաջ կտանի։ Ցանկացած այլ սցենար մեզ տուն կուղարկի։ Եվ ես չեմ ուզում այդքան շուտ տուն գնալ։

Ես հարգանքով եմ վերաբերվում Սպալետտիին և նրա նվաճումներին։ Նա գլխավորեց «Նապոլիին» մինչև առաջնության տիտղոսը և հասավ բարձր մակարդակի այլ հաջողությունների: Իտալիան հայտնի է իր տակտիկական պատրաստվածությամբ։ Նրանք ուժեղ են նաև պաշտպանությունում։

Ոչ-ոքին նրանց բավական է, մենք դա հասկանում ենք։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի, լինել համբերատար, չնյարդայնանալ, չարձագանքել սադրանքներին և թույլ չտալ, որ մեզ ներքաշեն որևէ իրավիճակի մեջ։ Ամեն ինչ հնարավոր է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան», – Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խորվաթիա – Իտալիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։