Լուչանո Սպալետտի. «Խորվաթիան մեզ անախորժություն պատճառելու բազմաթիվ եղանակներ ունի»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին կիսվել է EURO-2024-ի խմբային փուլի վերջին տուրի Խորվաթիայի հետ խաղից իր ակնկալիքներով։

«Այսպիսի խաղերը կարող են փոխել ձեր պատմությունը: Մենք ի սկզբանե ընտրել էինք խաղացողների, ովքեր, մեր կարծիքով, ցանկանում էին այստեղ լինել և պայքարել, պատրաստ էին նման կարևոր հանդիպումների: Իհարկե, ինձ դուր չեկավ Իսպանիայի դեմ մեր խաղը։ Թեև դա ցավալի էր, հուսով եմ, որ մենք դաս քաղեցինք։

Խորվաթիան ոչ միայն հիանալի թիմ է, այլև շատ փորձառու թիմ։ Մենք պետք է հասկանանք, թե երբ արագացնել խաղի տեմպը, իսկ երբ հանգստանալ ու տիրել գնդակին։ Ես սխալվեցի, երբ առաջին և երկրորդ հանդիպումների միջև որոշակի փոփոխություններ չկատարեցի։ Այսպիսով, կարծում եմ, որ այս անգամ ինչ-որ բան պետք է անեմ։

Մենք կփորձենք ավելի վստահելի լինել և ռիսկի չդիմել, որպեսզի նրանց հնարավորություն չտանք մեզ վնասելու։ Բայց դա հեշտ չի լինի, քանի որ Խորվաթիան մեզ անհանգստություն պատճառելու բազմաթիվ ուղիներ ունի»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խորվաթիա – Իտալիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։