Իսպանիան կարող է 30.000 եվրո տուգանվել Լամին Յամալի պատճառով

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին կարող է տուգանք սպառնալ Գերմանիայի օրենքները խախտելու համար, հայտնում է 2DF-ը։

Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը հանդես է գալիս Իսպանիայի հավաքականի կազմում։ Սակայն գերմանական օրենսդրության համաձայն՝ 18 տարեկանից ցածր անձանց արգելվում է աշխատել մինչև ժամը 20:00-ն, բացառությամբ այն մարզիկների, որոնց թույլատրվում է աշխատել մինչև ժամը 23:00-ն: Սակայն Յամալին սա կարող է չբավականացնել, քանի որ հաշվի է առնվում ոչ միայն խաղադաշտում անցկացրած ժամանակը, այլ նաև հետխաղյա գործունեությունը։

Փլեյ-օֆֆում այս կանոնն ավելի դժվար կլինի պահպանել, եթե իսպանացիները ստիպված լինեն խաղալ լրացուցիչ ժամանակում կամ մասնակցել 11 մետրանոց հարվածաշարին:

Իրավաբան Ստեֆան Գրաֆն ասում է, որ օրենքը խախտելու համար սպորտային հետևանքներ չեն լինի, ինչը նշանակում է, որ Յամալը չի ​​որակազրկվի, եթե նա խաղա վերջնաժամկետից հետո, սակայն Իսպանիային կարող է սպառնալ մինչև 30,000 եվրո տուգանք: Միաժամանակ Գրաֆը հավելել է, որ իսպանացիներին, ամենայն հավանականությամբ, կներեն, նշում է Nogomania հրատարակությունը։

EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Իտալիայի դեմ խաղում (1:0), որը մեկնարկել է տեղական ժամանակով 21:00-ին, Յամալը փոխարինվել է 71-րդ րոպեին։ Ժամը 18:00-ին մեկնարկած Խորվաթիայի հետ առաջին խաղում (3:0), 16-ամյա իսպանացին գոլային փոխանցում կատարեց և դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը։