«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է ուժեղացնել թիմի հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը դեմ չէ «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսի տեղափոխությանը, սակայն այս գործարքը շատ բարդ է համարվում կատալոնական թիմի համար։
Երկրորդ և ներկայումս առաջնահերթ տարբերակը Ֆլիկը համարում է Իսպանիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ «Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն, ով կատալոնական թիմի սան է։ Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետը գիտի, թե ինչպես օգտագործել Օլմոյին, որպեսզի ցանկալի դինամիկա բերի թիմի խաղին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։ Նիկոյի պայմանագիրը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։