«Չելսին» պատրաստ է վաճառել Միխայիլ Մուդրիկին

«Չելսին» պատրաստ է վաճառել 23-ամյա վինգեր Միխայիլ Մուդրիկին, եթե ձեռք բերի «Քրիստալ Փելեսի» վինգեր Մայքլ Օլիսեին, ով ակտիվորեն հետաքրքրված է լոնդոնյան ակումբով։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և նրա անձնակազմը տպավորված չեն ուկրաինացի ֆուտբոլիստի խաղով։ Այն բանից հետո, երբ արգենտինացի մասնագետը լքեց ակումբը, Մուդրիկի ապագան դեռ մնում է անորոշ։

Ներկայումս «Չելսին» նախնական բանակցություններ է վարում Օլիսեի գնման շուրջ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մուդրիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։