Լամին Յամալ․ «Հիացած եմ իմ նորամուտի խաղով»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը EURO-2024-ի մեկնարկում Խորվաթիայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից (3:0) հետո մեկնաբանել է իր խաղը։

45-րդ րոպեին Յամալը գոլային փոխանցում կատարեց Դանի Կարվախալին և դարձավ EURO-ի պատմության ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը, ինչպես նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ դուրս եկավ EURO-ի խաղում։

«Ես հիացած եմ հաղթանակով և EURO-ում իմ նորամուտով: Մենք արդեն մտածում ենք հաջորդ հանդիպման մասին։

Հավաքականում ես խաղում եմ թիմի համար, ինչպես մարզիչն է ասում։ Ես կարող եմ լինել եզրում կամ կենտրոնում, կարող եմ հարձակվել, հնարավորություններ ստեղծել կամ խաղալ պաշտպանությունում: Մենք ունենք արդյունավետ, աշխատասեր թիմ, և ամիսների քրտնաջան աշխատանքը այժմ տվել է իր արդյունքը:

Մարզիչը կարծում է, որ ես և Նիկո Ուիլյամսը լավ ենք ավարտում, ուստի նա ցանկանում է, որ մենք խաղանք եզրերին ավելի մոտ: Երբ տեսա, որ Դանին վազում է առաջ, փոխանցեցի նրան, և նա հիանալի ավարտեց:

Մենք ընտանիք ենք և վստահ ենք մեր ուժերին։ Այսպիսի մրցակցի նկատմամբ հաղթանակով մրցաշարը սկսելը շատ կարևոր է թիմի համար։ Բայց մենք արդեն կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա»,- Յամալի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։