Դայո Ուպամեկանո․ «Ավելի լավ է շուտ քնես, եթե վաղը խաղալու ես Ջամալ Մուսիալայի դեմ»

Ֆրանսիայի հավաքականի եւ «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն կիսվել է իր կարծիքով Գերմանիայի հավաքականի եւ մյունխենյան ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալի մասին։

«Մուսիալան հրաշագործ է: Դուք իսկապես պետք է շուտ քնեք, որպեսզի հնարավորություն ունենաք պաշտպանվել նրանից: Նա պարում է գնդակով։ Ջամալն այնքան հեշտ ու արագ է շրջվում։ Երբեմն մարզումների ժամանակ ես նրան դիտմամբ ուժեղ փոխանցումներ եմ տալիս, և նա կարողանում է մեկ հպումով կասեցնել։ Նա տպավորում է ինձ»,- Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ջամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո: