Նիկո Ուիլյամսը խոսել է իր ապագայի մասին

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պատասխանել է բասկյան ակումբում իր ապագայի մասին հարցին։

«Ես շատ երջանիկ եմ Բիլբաոյում։ Այս ակումբն ինձ ամեն ինչ տվեց։ Ես հստակ գիտեմ, թե որտեղ եմ սկսելու իմ մինչմրցաշրջանային մարզումները։ Ես գործակալին ասացի, որ մինչև Եվրոյի ավարտը ոչինչ չեմ ուզում լսել»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Cope-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Չելսին»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։