Լիոնել Մեսսին հայտնել է, թե որտեղ է ավարտելու իր կարիերան

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ պատրաստվում է կարիերան ավարտել ամերիկյան ակումբում։

«Այսօրվա դրությամբ, կարծում եմ, որ «Ինտեր Մայամին» կլինի իմ վերջին ակումբը: Չեմ մտածում ֆուտբոլից հեռանալու մասին։ Փորձում եմ վայելել ամեն պահը։ Քանի դեռ քիչ ժամանակ է մնացել, ես ցանկանում եմ լավ ժամանակ անցկացնել ակումբի և Արգենտինայի հավաքականի հետ, որտեղ ես հիանալի թիմակիցներ և ընկերներ ունեմ։

Փորձում եմ վայելել այն փոքրիկ բաները, որոնք կկարոտեմ թոշակի անցնելուց։ Միշտ մի փոքր մտավախություն կա, որ ամեն ինչ կավարտվի»,- ասել է Մեսսին ESPN-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում 36-ամյա Լիոնել Մեսսին ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։