Կիլիան Մբապպեն՝ «Ոսկե գնդակի» մասին. «Ես կշարունակեմ ամեն ինչ տալ այս նպատակին հասնելու համար»

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտարարել է, որ կշարունակի քրտնաջան աշխատել «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու համար։

«Սա միշտ իմ ցանկությունն է։ Դեռ փոքր ժամանակ ցանկանում էի մի օր բարձրակարգ խաղացող դառնալ։ Ես կշարունակեմ ամեն ինչ տալ և քրտնաջան աշխատել այս նպատակին հասնելու համար: Որովհետև սա իմ աշխատանքն է և իմ կյանքի մի մասն է՝ անընդհատ կատարելագործվել՝ չկորցնելով հաճույքը»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստին ֆրանսիական France Football հրատարակության կողմից։ 2023 թվականին մրցանակի դափնեկիր է դարձել «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։