«Այաքսը» խոսել է Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար և «Այաքսի» վերահսկիչ խորհրդի նախագահ Միխայել վան Պրագը խոսել է «Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու ակումբի հետաքրքրության մասին։

«Շաբաթ օրը առավոտյան համացանցում կարդացի, որ «Այաքսը» գնում է հայ Սպերցյանին։ Սա պարզապես ճիշտ չէ։ Ինչ-որ մեկը նոր է հորինել, և այն արդեն երեք օր է, ինչ համացանցում է: Անհեթեթություն։ Դա լիովին բացառված է»,- Վան Պրագի խոսքերը մեջբերել է ajaxshowtime-ը:

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ «Այաքսը» կապի մեջ է «Կրասնոդարի» հետ՝ հնարավոր գործարքի վերաբերյալ։ Հաղորդվում էր, որ մոտ ապագայում հոլանդական ակումբը նախատեսում է ակտիվանալ բանակցային գործընթացում։

Անցած մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: