«Յուվենտուսի» պաշտպան Դին Հեյսենի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Ատալանտան», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ կցանկանան 19-ամյա հոլանդացու հետ պայմանագիր կնքել այս ամառ։ Ֆուտբոլիստին հավակնում է նաև «Բոլոնիան»։
Ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։
2023/24 մրցաշրջանի երկրորդ կեսում խաղացողը վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»։ Հռոմեացիների կազմում պաշտպանը 14 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։