«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ դեպրեսիայի մեջ է եղել «Արսենալից» հեռանալուց առաջ։
Ֆուտբոլիստի խոսքով՝ իր համար այս դժվարին ժամանակահատվածում նա չարաշահել է նաև ալկոհոլը։
«Ես շատ դժվար պահ եմ ունեցել «Արսենալից» հեռանալուց առաջ։ Վստահ եմ, որ դեպրեսիայի մեջ էի: Կան պահեր, որոնք քեզ լրջորեն դուրս են բերում առօրյայից։ Օրինակ, հետո սկսեցի շատ խմել։ Բարդ, ծանր շրջան էր։ Կարծում եմ՝ դա կապ ուներ իմ ծնողների հետ։ Դա ազդում է յուրաքանչյուր տղամարդու վրա, դա նորմալ է», – Օբամեյանգի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Օբամեյանգը «Արսենալից» է տեղափոխվել «Բարսելոնա» 2022 թվականի հունվարին։ Նա չորս տարի խաղացել է լոնդոնյան թիմում և նրանց հետ նվաճել Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։
«Բարսելոնայից» հետո ֆուտբոլիստը հանդես է եկել «Չելսիում», իսկ 2023 թվականին միացել է «Մարսելին»։ Անցած մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։