Հանս-Դիտեր Ֆլիկն ու Ժոան Լապորտան ընթրիք են կազմակերպել

Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը, նրա գործակալ Պինի Զահավին և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գալա ընթրիք են կազմակերպել՝ կապված Գերմանիայի հավաքականի նախկին մարզչի՝ կատալոնական ակումբի հետ պայմանագրի ստորագրման մոտալուտ հայտարարության հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» պաշտոնապես կհայտարարի Ֆլիկի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու մասին մի քանի շաբաթից, որի ընթացքում գերմանացի մասնագետը և «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն կպլանավորեն սպորտային նախագիծը:

Հիշեցնենք, որ Ֆլիկը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2019-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ գերմանական հսկան նվաճել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը, Գերմանիայի գավաթը և երկու անգամ՝ Գերմանիայի առաջնությունը։ Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում, որը նա մարզել է 2021-ից 2023 թվականներին։