«Կրասնոդարը» հաղթեց վերջին տուրում, «Զենիթը» դարձավ չեմպիոն

Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանը։ Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 56 միավորով գլխավորում էր Մոսկվայի «Դինամոն»։ «Զենիթը» 54 միավորով 2-րդն էր, իսկ «Կրասնոդարը»՝ 53 միավորով 3-րդը։

«Կրասնոդարը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, վերջին տուրում ընդունել էր «Դինամոյին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը։ Զուգահեռ խաղում «Զենիթը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ և դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

«Կրասնոդարը» 57 միավորով մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղում։