Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն արձագանքել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին լուրերին ։
«Յուրաքանչյուր խաղացող ունենում է մի պահ, երբ հասկանում է, որ ժամանակն է ավարտել կարիերան։ Նրան ամենալավն եմ մաղթում, շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ նա արել է «Ռեալի» համար, կարծում եմ, որ նա ֆանտաստիկ խաղացող է։
Նա եկավ շատ հանգիստ, առանց այն փառքի, որն այսօր ունի համաշխարհային մակարդակով, և արտոնյալ տեղ գրավեց բոլոր մադրիդցիների մեջ։ Նա շատ կարևոր խաղացող էր «Ռեալի» համար»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 463 հանդիպման (28 գոլ և 98 գոլային փոխանցում)։ Նախկինում ֆուտբոլիստը հասցրել էր հանդես գալ նաև Մյունխենի «Բավարիայում» և Լևերկուզենի «Բայերում»:
34-ամյա Կրոսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։