«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» դեմ խաղի վայրն ու ժամը

«Նոան» հայտարարություն է տարածել։

«Հարգելի ֆուտբոլասերներ, հարգելի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ

Հաշվի առնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ» — «Նոա» խաղի կարևորությունը՝ մեր ակումբը պաշտոնապես առաջարկում է«Փյունիկ» ՖԱ-ին` համատեղ դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ խաղի անցկացման վայրը և ժամը տեղափոխելու նպատակով։

Նշենք, որ նշանակված «Ջունիոր սպորտ» մարզադաշտն ունի ընդամենը 1188 նստատեղ, իսկ մարզադաշտի տեխնիկական հնարավորություններով պայմանավորված նշանակված ժամը՝ 17:00-ն, երկրպագուների և հեռուստադիտողների համար ոչ prime-time, ոչ նպատակահարմար ժամ է։

«Նոա» ֆուտբոլային ակումբն առաջարկում է վճռորոշ խաղն անցկացնել ավելի շատ երկրպագուներ հյուրընկալելու հնարավորություն ունեցող մարզադաշտում: Առաջարկում ենք, որ հյուրընկալ թիմն ինքն ընտրի համապատասխան մարզադաշտը:

Լիահույս ենք, որ գործընկեր ակումբը կընդունի մեր առաջարկը՝ ֆուտբոլային իրական տոն պարգևելով բազմաթիվ ֆուտբոլասերների, որոնք ցանկանում են մարզադաշտից հետևել ՀՊԼ կարևորագույն խաղերից մեկին»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ» — «Նոա» հանդիպումը նախատեսված է մայիսի 21-ին։

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 76 միավորով 2-րդ տեղում է։ Հաղթանակի դեպքում «Նոան» կդառնա Հայաստանի չեմպիոն։