«Յուվենտուսը» մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, համաձայն որի թուրինյան ակումբը պարտավոր է իր նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վճարել 9,8 միլիոն եվրո աշխատավարձ, որը նա չի ստացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ընդգծվում է, որ «Յուվենտուսը» համաձայն չէ դատարանի նման որոշման հետ, սակայն այս պահին հստակ ժամկետները, թե երբ է մտադիր բողոքարկում ներկայացնել, հայտնի չէ։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պարտք ունի Ռոնալդուին, քանի որ 2020 թվականի համաճարակի ժամանակ նրա և ակումբի մի քանի այլ խաղացողների հետ համաձայնության է եկել, որ ավելի ուշ կվճարի նրանց աշխատավարձի մի մասը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին։