«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ բանակցությունների մասին՝ թիմի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
«Այս պահին մենք ոչ մի առաջարկ չենք ստացել Ալֆոնսո Դևիսի համար։ «Ռեալից» նույնպես հայտեր կամ բանակցությունների ակնարկներ չեն եղել»,- Էբերլի խոսքը մեջբերում է լրագրող Մաքսիմիլիան Կոխը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։