Յուրգեն Կլոպ. «Նա այն ֆուտբոլիստն է, ում ես փնտրում էի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ տպավորված է «կարմիրների» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի խաղով, ով այս մրցաշրջանի մեկնարկից առաջ համալրել է մերսիսայդցիների շարքերը։

«Ալեքսիսը հենց այն ֆուտբոլիստն է, ում ես փնտրում էի՝ շատ ազդեցիկ, շատ խելացի, հիանալի տղա: Նա նաև սիրում է խաղալ «Լիվերպուլում», ինչն իսկապես կարևոր է:

Նա է սահմանում ռիթմը, ստեղծում տարբերություն խաղադաշտում, կարող է վերահսկել խաղի ընթացքը։ Նա իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մենք նման զգացողություն ունեցանք, երբ պայմանագիր կնքեցինք նրա հետ, և նա արդարացրեց մեր բոլոր սպասելիքները և նույնիսկ ավելին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական կայքում։

Ալեքսիս Մակալիստերը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Արգենտինացի կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Բրայթոնում»: Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Ալեքսիսի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։