«Ինտերը» մոտ է Սիմոնե Ինձագիի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Ինտերի» ղեկավարությունը ակնկալում է երկարաձգել «ներաձուրիի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Իտալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Աղբյուրի համաձայն՝ 47-ամյա մարզիչը լավատես է նաև միլանյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։

Հիշեցնենք, որ Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի ամռանը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «ներաձուրիները» երկու անգամ նվաճել են Իտալիայի Գավաթը, երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը։ Անցած մրցաշրջանում «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որում 0։1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 29 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 76 միավոր եւ առաջին տեղում է։