Դանի Ալվեշի ընտանիքը ցանկանում է 1 միլիոն եվրո պարտք վերցնել՝ ֆուտբոլիստին բանտից ազատելու համար

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշի ընտանիքը ակնկալում է 1 միլիոն եվրոյի պարտք վերցնել, որն անհրաժեշտ է դատարանում գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ նախկին ֆուտբոլիստին պարզապես հասանելի չէ Բրազիլիայում գտնվող իր բազմամիլիոնանոց կարողությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանի Ալվեշի փաստաբան Ինես Գվարդիոլան բողոք է ներկայացրել Բարսելոնայի դատարանի դատավճռի դեմ և պահանջել դատապարտյալին ազատ արձակել մինչև վերջնական դատավճիռը։

Անցյալ տարվա հունվարին 40-ամյա Դանի Ալվեշին մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբում աղջկա բռնաբարության մեջ։

Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը բերման է ենթարկվել։ Ավելի ուշ բրազիլացին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։ Միաժամանակ, իսպանական դատախազությունը նախատեսում էր բողոքարկել դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեշը պետք է ավելի երկար ժամանակով կալանքի տակ մնա։