«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի համաձայնել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը, որն իրեն առաջարկել է տարեկան 100 միլիոն դոլար աշխատավարձ (92 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա հարձակվողը հրաժարվում է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուց, քանի որ իրեն հարմարավետ է զգում Բարսելոնայում և չի ցանկանում հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: