Անխել դի Մարիա․ «Լավ է, որ վնասվածքը եղավ հիմա, քան Ամերիկայի գավաթի ժամանակ»

Արգենտինայի հավաքականի և «Բենֆիկայի» եզրային կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է «Ալբիսելեստեի» հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքի մասին, ինչի պատճառով նա չի կարողացել մասնակցել Սալվադորի հետ վերջին ընկերական հանդիպմանը (0:3) և չի խաղա առաջիկայում Կոստա Ռիկայի հետ խաղին (մարտի 27)։

«Լեոյի բացակայությունը միշտ զգացվում է, բայց ավելի լավ է, որ այս վնասվածքը լինի հիմա, քան Ամերիկայի գավաթի ժամանակ։ Հուսով եմ՝ մինչ այդ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում D Sports-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր Մայամիում» հանդես գալու ժամանակ Մեսսին ազդրի վնասվածք էր ստացել։ Ամերիկյան թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստն աստիճանաբար ապաքինվում է։

2024 թվականի Կոպա Ամերիկան ​​կմեկնարկի հունիսի 20-ին։