Այս պահին Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը դեռ չի հայտնել «Լոս Բլանկոսի» ղեկավարությանը, թե արդյոք կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը, սակայն իսպանական գրանդի ղեկավարները բարձր են գնահատում հնարավորությունները, որ ֆուտբոլիստը կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում կատարելով հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ կկարողանա կրկին պայմանագիր կնքել Կրոսի հետ ևս մեկ մրցաշրջանով։
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 455 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 96 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։