Ժոան Լապորտա. «Կարծում եմ՝ Ժոաու Ֆելիշը և Ժոաու Կանսելուն կշարունակեն իրենց կարիերան այստեղ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Սիթիից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով պաշտպան Ժոաու Կանսելուն և Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով հարձակվող Ժոաո Ֆելիշը կմնան ակումբում։

«Կարծում եմ, որ նրանք կշարունակեն խաղալ «Բարսելոնայում»: Հուսով եմ, որ «Ատլետիկոն» դեմ չի լինի, որ Ժոաո Ֆելիշը մնա մեզ հետ։ Կարծում եմ՝ «Սիթին» նույնպես դեմ չի լինի:

Մենք ունենք այս հարցով աշխատող գործակալ՝ Ժորժե Մենդեշը: Նա գիտի մեր մտադրության մասին՝ շարունակելու աշխատել այս խաղացողների հետ: Այս պահին ոչինչ չեմ կարող նշել, քանի որ շատ բան կախված կլինի պահանջվող գումարից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կանսելուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Իր հերթին Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում խփել է ինը գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։