Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է անցյալ ամառ Ա Սերիայի ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը։
«Անցյալ ամառ ես հնարավորություն ունեցա միանալ «Միլանին», «Ռոմային» և «Ինտերին», դա ճիշտ է: «Ռոմայի» առաջարկն իսկապես գայթակղեց ինձ։
Ի վերջո, ես որոշեցի նոր պայմանագիր կնքել «Ատլետիկոյի» հետ և փոխեցի պայմանագրի վարձատրության պայմանները, որպեսզի օգնեմ ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի հարցում»,- Մորատայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Այս մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 20 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Մորատան նախկինում հանդես է եկել Իտալիայում՝ պաշտպանելով «Յուվենտուսի» գույները (2014–2016, 2020–2022)։