Յուրգեն Կլոպ. «Մրցավարը պիտի 11 մետրանոց նշանակեր»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (1:1) մրցավարների աշխատանքից։

Հանդիպման վերջնամասում «Սիթիի» վինգեր Ջերեմի Դոկուն, փորձելով հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, գամասեղներով հարվածել է «Լիվերպուլի» խաղացող Ալեքսիս ՄաքԱլիսթերի կրծքին։ Մրցավարը տեսաօգնականի հետ խորհրդակցելուց հետո որոշեց 11 մետրանոց չնշանակել։

«Սա 100%-ով 11 մետրանոց էր: Նրանք բացատրություն կգտնեն։ Դա կլիներ 100% խախտում դաշտի ցանկացած կետում, և, հավանաբար, դեղին քարտ:

Բոլոր iPad-ներով մարդիկ, ովքեր իմ շուրջն էին, բացականչեցին. «Վա՜յ, ամեն ինչ ակնհայտ է»: Թերեւս կարող են թաքնվել այն արտահայտության հետեւում, որ ամեն ինչ այնքան էլ ակնհայտ ու միանշանակ չէ։

Իհարկե, սա 11 մետրանոց է, բայց մեզ թույլ չտվեցին այն իրացնել։ Դե, լավ, ինձ համար գլխավորն այն է, որ մենք ի վիճակի ենք խաղալ այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին այսօր ենք խաղում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն: