Ռոդրի․ «Լա Լիգան և Պրեմիեր Լիգան տարբեր մարզաձևեր են»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում» և «Վիլյառեալում», բացատրել է Լա Լիգայի և Պրեմիեր Լիգայի տարբերությունը։

«Սրանք գրեթե տարբեր մարզաձևեր են (ժպտում է): Կարեւորը ռիթմը բռնելն է։ Լա Լիգայում թիմերը չեն պահպանի նույն տեմպը, ինչ Պրեմիեր Լիգայում։ Իսպանիայում ավելի համբերատար են խաղում՝ կենտրոնանալով մարտավարության վրա, թիմերն ավելի լավ գիտեն, թե ինչ են ուզում անել գնդակով։ Անգլիայում մեծ շեշտ է դրվում ինտենսիվության վրա։

«Վեսթ Հեմի» դեմ իմ դեբյուտային խաղում ոչ մի վայրկյան մտածելու ժամանակ չունեի, մրցակիցն ակնթարթորեն իմ առջևում էր։ Ես պետք է սովորեի ավելի արագ որոշումներ կայացնել և դիմակայել ֆիզիկական շփմանը: Նաև Անգլիայում մրցակիցներն ավելի հաճախ անախորժություններ են առաջացնում անհատական ​​վարպետության պատճառով»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ Ռոդրին «Վիլյառեալի» ավագ թիմում հանդես է եկել 2016-ից 2018 թվականներին։ Այնուհետեւ 2018-ից 2019 թվականներին իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», որտեղից տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։