«Ժիրոնայի» ձախ պաշտպան Միգել Գուտիերեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադառնա Մադրիդի «Ռեալ», հայտնում է Cadena Ser-ը։ Հիշեցնենք, որ պաշտպանվող խաղացողը մադրիդյան ակումբի սան է։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կօգտագործի ֆուտբոլիստին 8 միլիոն եվրոյով հետ գնելու տարբերակը, և նշվում է, որ «սերուցքայինների» մյուս ձախ պաշտպանները՝ Ֆերլանդ Մենդին և Ֆրան Գարսիան, ամենայն հավանականությամբ կլքեն թիմը։
Գուտիերեսը «Ժիրոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 20 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի պաշտպանով հետաքրքրված է «Բավարիան»։