Պոլ Պոգբան հեռացել է Թուրինից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռացել է Թուրինից, հայտնում է Tuttomercatoweb-ը։

Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆրանսիացին որակազրկվել է 4 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։

Ըստ աղբյուրի՝ Պոգբան Թուրինից հեռացել է 10 օր առաջ։ Բացի այդ, նա խզել է առանձնատան վարձակալության պայմանագիրը, որտեղ ապրում էր «Յուվենտուս» վերադառնալուց հետո։ Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել իտալական ակումբից նրա հեռանալու մոտալուտ լինելու պատճառով։

Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականին։ Դրանից հետո նա թուրինյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

2023 թվականի սեպտեմբերի 11-ին տեղեկություն հայտնվեց, որ Պոգբայի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ խաղից հետո (3:0): Կիսապաշտպանի մարմնում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել։ Կրկնակի դոպինգ թեստը նույնպես դրական արդյունք է տվել։