Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0) և Լուկա Մոդրիչի հաղթական գոլը։
38-ամյա խորվաթացին փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին, իսկ 81-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։
«Մենք պայքարեցինք մինչև վերջ։ «Ռեալը» ինտենսիվ ֆուտբոլ ցուցադրեց ամբողջ հանդիպման ընթացքում, մենք չկորցրեցինք վերահսկողությունը և ստացանք այն, ինչին արժանի էինք: Բազմաթիվ պահեր ստեղծեցինք, և գոլը վերջապես եկավ։ Մոդրիչը հիանալի հարված կատարեց։
Դժվար է Լուկային թողնել պահեստայինների նստարանին, բայց նա օրինակ է ողջ թիմի համար։ Նրա ապագան կախված է միայն իրենից, նրանից, թե ինչ է նա ցանկանում անել հաջորդ մրցաշրջանում։ Մնում է միայն սպասել նրա որոշմանը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Խորվաթի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։