«Ինտերի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների ղեկավարները իտալացի կիսապաշտպանին համարում են հարմար թեկնածու՝ փոխարինելու խորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին, ով, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Ռեալը»։
Նշվում է, որ միլանյան ակումբը պատրաստ կլինի բաժանվել 27-ամյա խաղացողից ոչ պակաս, քան 60 միլիոն եվրոյի դիմաց։
Բարելլան «Ինտեր» է տեղափոխվել 2020 թվականին «Կալյարիից» 32,5 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 75 միլիոն եվրո։