Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնել է լրագրող Աշրաֆ Բեն Այադը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի դարպասապահը պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում սաուդյան լիգայի ակումբներից մեկի հետ։

Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում դարպասապահը կատալոնացիների հետ նվաճել է 16 գավաթ, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգան։

Այս մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 28 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։