Ջուդ Բելինգհեմը կարող է մասնակցել «Վալենսիայի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է մասնակցել Լա Լիգայի 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղին, որը կկայանա մարտի 2-ին, հայտնում է AS-ը։

Բելինգհեմը վնասվածք է ստացել փետրվարի 10-ին կայացած Իսպանիայի առաջնության «Ժիրոնայի» հետ խաղի ժամանակ (4։0)։ Ի սկզբանե մադրիդյան ակումբը հույս ուներ, որ 20-ամյա ֆուտբոլիստը կապաքինվի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լայպցիգի» հետ պատասխան հանդիպման համար, որը կկայանա մարտի 6-ին։ Բայց հիմա անգլիացու վերականգնողական փուլը սպասվածից լավ է ընթանում։ Հավանականություն կա, որ նա կկարողանա վերադառնալ «Վալենսիայի» դեմ խաղում։

Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի հուլիսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 103 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ը անգլիացուն գնահատում է 180 միլիոն եվրո։