Վիրջիլ վան Դեյկը ամենաշատ գոլ խփած պաշտպանն է 2018/19 մրցաշրջանից հետո

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը 2018/19 մրցաշրջանի սկզբից խփել է 18 գոլ՝ ավելի շատ, քան Պրեմիեր Լիգայի ցանկացած այլ պաշտպան։

Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել նախորդ գիշեր «Էնֆիլդում» կայացած Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Լյութոնի» հետ խաղում (4:1):

Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից, նա «կարմիրներին» միացել է «Սաութհեմփթոնից»: Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդացու գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Նշենք, որ այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 26 տուրից հետո «Լիվերպուլը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։