Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն հայտնել է, որ պատրաստ է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին հրավիրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Բոլորը գիտեն Մեսսիի հետ իմ ընկերության մասին։ Նրա նման ֆուտբոլիստը կարող է մեզ օգնել Օլիմպիական խաղերում։ Բայց, ակնհայտորեն, որոշումը կախված կլինի նրանից ու հանգամանքներից»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Փետրվարի 12-ին Արգենտինայի օլիմպիական հավաքականը հաղթեց Բրազիլիային (1:0) և նվաճեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Ըստ կանոնակարգի՝ ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի մասնակիցները կարող են իրենց հայտացուցակում ընդգրկել երեք խաղացողի՝ առանց տարիքային սահմանափակման։
2024 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։