«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը դարձել է Լա Լիգայի պատմության մեջ դուբլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Գրանադայի» հետ խաղում (3-3) Յամալը երկու գոլի հեղինակ է դարձել։
Հաղորդվում է նաև, որ Յամալն ամենաերիտասարդ խաղացողն է, ում հաջողվել է գոլ+փոխանցում համակարգի միջոցով հասնել 10 միավորի։ Լամինին դա հաջողվել է անել 16 տարեկան 213 օրականում։
Յամալը կատալոնական ակումբի սան է և «Բարսելոնայի» հիմնական թիմին միացել է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։