Քաթարի հավաքականը դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ

Քաթարի հավաքականը Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կամային հաղթանակ տարավ Իրանի նկատմամբ՝ 3:2:

Քաթարցիները հաղթեցին խաղը Ջասեմ Ջաբեր Աբդուլսալամի (17-րդ րոպե), Աքրամ Աֆիֆի (43-րդ րոպե) և Աբդուլլահ Ալմոեզ Ալիի (82-րդ րոպե) գոլերի շնորհիվ:

Իրանցիների կազմում գոլի հեղինակ դարձան Սերդար Ազմունը (4-րդ) և Ալիռեզա Ջահանբախշը՝ 51-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը:

Ի վերջո Իրանի հավաքականը մնաց 10 հոգով՝ 90+2-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Շոջա Խալիլզադեն։

Քաթարի հավաքականը դուրս է եկել Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որում կհանդիպի Հորդանանի ընտրանու հետ։ Վճռորոշ հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին։ Քաթարցիները մրցաշարի գործող հաղթողներն են՝ 2019 թվականին նրանք եզրափակչում հաղթեցին Ճապոնիային (3:1):