«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է հեռացվել աշխատանքից, հայտնում է Team Talk-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի վերջին արդյունքներից, իսկ Պրեմիեր Լիգայի վերջին խաղում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունը (2-4) կարող է 51-ամյա հեռացման պատճառ դառնալ։
Պոչետինոն «Չելսին» գլխավորում է 2023 թվականի հուլիսից։ Նրա գլխավորությամբ թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, տարել է 15 հաղթանակ, 5 անգամ ոչ-ոքի խաղացել և 11 պարտություն կրել։
Ակումբը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է՝ 23 հանդիպումներից 31 միավորով։