Խավիեր Տեբաս. «Եթե Սուպերլիգայի նախագիծն առաջ գնա, ես հրաժարական կտամ»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի նախագծի հաջող զարգացման դեպքում հրաժարական տալու մտադրության մասին և բացատրել դրա պատճառները։

«Եթե Սուպերլիգայի նախագիծն առաջ գնա, ես հրաժարական կտամ: Ես այս դեպքում կհեռանայի, քանի որ իսպանական ֆուտբոլը կկանգնի սարսափելի տնտեսական խնդրի առաջ։ Կարճ ժամանակում եկամուտները կկրճատվեն երկու անգամ: Ես չեմ կարող շարունակել այն, ինչը մեզ կհանգեցնի փլուզման և աղետի։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները 53 հազար են, և շատ ընտանիքներ ապրում են սրանով։ Հաջողության այս ամբողջ էկոհամակարգը, որը մենք ստեղծել ենք 40 տարի, կփլուզվի»,- Տեբասի խոսքը մեջբերում է El Mundo-ն։

Նախկինում հայտարարվել էր, որ վերստեղծվելու է Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը. մրցույթ, որին կարող են մասնակցել ցանկացած եվրոպական առաջնության ակումբներ: Դեկտեմբերին Եվրամիության արդարադատության դատարանը վճռեց, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն մրցումների մենաշնորհ չունեն։