Գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է հեռանալ «Բավարիայից» մինչև ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» չի հրաժարվում դաշտի կենտրոնական գիծն ուժեղացնելու մտքից։ Եթե լոնդոնյան թիմին չհաջողվի ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերին, ապա նրանք կդիմեն «Բավարիային»՝ առաջարկելով Կիմմիխին: Նշվում է, որ մյունխենցիները պատրաստ են բաժանվել 28-ամյա խաղացողից 50-70 միլիոն եվրոյի դիմաց։
Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմմիխի նկատմամբ հետաքրքրություն կար անգլիական այլ ակումբներից։