Խաբի Ալոնսոն եւս մեկ մրցաշրջան կմնա «Բայերում»

«Բայերը» ակնկալում է, որ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն եւս մեկ մրցաշրջան կմնա ակումբում, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը գիտի, որ 42-ամյա իսպանացին հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների ցանկում։ «Բայերի» ղեկավարությունը կարծում է, որ մարզիչն ամռանը չի լքի ակումբը, քանի որ նա արդեն ինտեգրված է թիմի պլանավորմանը և կառուցում է թիմը 2024/25 մրցաշրջանի համար:

Ալոնսոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ 18 խաղում վաստակելով 48 միավոր։